Ապրիլ 24

ՄԵԾ ԵՂԵՌՆԻ ԶՈՀ ՊԱՊԻՍ՝ ԳԱՌՆԻԿ ԳԱԼՍՏՅԱՆԻՆ

Քեզնից մի նամակ է լոկ մնացել…
Կարդում եմ ես այն
Եվ փորձում դեմքը քո պատկերացնել
Ու ձայնդ լսել ամեն տողի տակ,
Ճակատագիրդ վերծանել,
սակայն
Ձայնդ ձուլվում է միլիոն ձայների,
Դեմքդ՝ դեմքերի անվերծանելի
Եվ բախտդ՝ բախտի՛ն ազգի բովանդակ:

Չունեցար անգամ դու թաղման հանդես…
Ամեն մի Ապրիլ քսանչորսի, ես՝
Մի մեծ. ընդհանուր թաղման մասնակից,
Քայլում եմ՝ անգո
Դագաղի տեղ քո
Շալակած մեկ ու կես միլիոն կսկիծ…

Չգիտեմ, թե ու՞ր հանգավ սիրտդ տաք,
Բայց գիտեմ, որ դու պառկած ես անքուն
Միլիոնների հետ մեր այն նահատակ,
Մեծ շիրմի փոխված մեր հայրենիքում,
Ուրացման ծա՜նր շիրմաքարի տակ…

Ամեն ինչ մնաց այն խլված երկրում,
Ամեն ինչ այրեց հրե մի խորշակ,
Միայն քո մաքուր անունն եմ կրում
Որպես մարտերից խլված դրոշակ…

Եվ անշեջ մի ցավ ու մի վերք՝ միշտ բաց,
Պարտամուրհակի՛ նման չփակված…

 

ԳԱՂԹՈՒՄ ԷԻ ԵՍ…

Գաղթում էի ես՝ խանդավառ ու կույր…

Հրազդան գետի ափի երկայնքով
Ճառագե՜լ էին ծառերը ծաղկով՝
Մատղաշ թաթիկներն իրենց ծաղկաբույր
Այնպե՛ս երկարած արևագալին,
Ինչպես Փոքր Հայքում,
Ծիրանի ծառերն իմ պապի այգում՝
Մի օր, տասնհինգ թվի ապրիլին…

Եվ սևահողը նրանց ոտքի տակ
Շնչում էր էլի՝
Նույնքա՛ն հայրենիք՝ Հա՛յք բուրող ու տաք,
Թարմ հացի նման կյա՛նք բուրող ու տաք,
Որքան տասնհինգ թվի ապրիլին…

Եվ երկինքը խոր ու ցնորաբեր
Ժպտում էր էլի՝
Նույնքա՛ն գեղեցիկ, նույնքա՛ն… անտարբեր,
Որքան տասնհինգ թվի ապրիլին…
.   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .

Գաղթում էի ես՝ խանդավառ ու կույր…

Նման էի իր լեռներին թառած
Գարնանային այն ամպին ոսկեթույր,
Որ դյութող հեռվին հայացքը հառած՝
Լողաց նրա նենգ կանչին ընդառաջ,
Ու կուլ գնաց այդ խաբկանքին ծավի…
Մինչ դյութող հեռուն ժպտում էր անհուն
Ամեն ինչ ծածկող ժպիտով իր նույն,
Ինչպես ապրիլին տասնհինգ թվի…

 

ՀՈԳԵՀԱՆԳԻՍՏ

«Ու վեր կացա ես, որ մեր հայրենի օրենքովը հին՝
Վերջին հանգիստը կարդամ իմ ազգի անբախտ զոհերին»...

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

Աշխարհամասերն իրար մոտեցել
Ու կազմել էին հսկա մի սրահ,
Եվ երկինքն իր լուրթ գմբեթն էր բացել
Այդ անծայրածիր տաճարի վրա,
Ուր նստած էին ժամանակավոր
Հայերը բոլոր՝
Ամեն երկրից ու ամեն տեսակից,
Հայոց եղեռնի հարյուրամյակի
Հոգեհանգստյան մեծ պատարագին
Դարձած մասնակից:

Հնչում էր երգը.
Եվ չգիտեին նրանք, որ նստել
Ու սգում էին անցյալի վիշտը՝
Աղոթքի փոխած ցավը կորստյան,
Որ նաև իրե՛նց հոգեհանգիստն է կատարվում այստեղ,
Մեռնո՛ղ, մեռնելի՜ք ամբողջ հայության հոգեհանգի՛ստը՝
Ամերիկայից մինչև Ռուսաստան…

Հնչում էր զանգը.
Եվ ահագնացող արձագանքներից նրա բյուրավոր
Դողդողում էին հորիզոնների կամարներն հեռվում,
Սակայն աշխարհը չէր հասկանում, որ
Իր մեռած խղճի հոգեհանգի՛ստն է այստեղ կատարվում…

Աղոթքն էր հնչում.
Եվ աղոթելիս
Պատարագի՛չն էլ ինչպե՞ս իմանար,
Որ ի՛ր համար են, ա՜խ, իր մոտալուտ կորստյան համա՛ր՝
Մոմերը հրե արցունքով լալիս…
.   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .   .

Հանկարծ ութ միլիոն բազմության միջից
Ի՛նձ ճանաչեցի,
Եվ արձակելով ես համր մի ճիչ՝
Ահով զարթնեցի:

 

Create a website or blog at WordPress.com

Up ↑

%d bloggers like this: